Թուրքիայի ԱԳՆ. Անկարան իրեն պատասխանատու է զգում տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծման հարցում

PanARMENIAN.Net - «Վերջին իրադարձությունները Կովկասում, վրաց-ռուսական հակամարտությունն ու դրան հաջորդած Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից մտահոգություն են առաջացնում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում կա եւս մեկ հակամարտություն` ղարաբաղյան հակամարտությունը: Վերջին 17 տարիներին Թուրքիան ասում էր, որ հակամարտությունները Կովկասում պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, հարգանքի եւ երկրների անկախության եւ ինքնիշխանության պահպանման հիման վրա: Այդ մասին այսօր Երեւանում մեկնարկած «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի եւ եվրաատլանտյան ենթակառուցվածքների հարցերի բաժնի ղեկավար Դենիս Չաքարը: «Թուրքիան իրեն պատասխանատու է զգում տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծման հարցում եւ գտնում է, որ պետք է մասնակցի վրաց-ռուսական հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը»,-նշել է Դ.Չաքարը:



Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել տարածաշրջանի երկրների միջեւ վստահության, ինչպես նաեւ կայունության եւ անվտանգության վերականգնմանը: Նրա խոսքերով, հենց դրա համար է, որ Թուրքիան հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման առաջարկով: «Այդ պլատֆորմը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը եւ դադարեցնել դիմակայությունը»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի եւ եվրաատլանտյան ենթակառուցվածքների հարցերի բաժնի ղեկավարը եւ հավելել, որ առաջարկվող պլատֆորմը չի կարելի համարել մի ինստիտուտ, որ զբաղվելու է Կովկասի խնդիրներով: Նրա խոսքերով, այս պլատֆորմը կզարգացնի կոմունիկացիան տարածաշրջանի երկրների միջեւ եւ կապահովի երկխոսությունը պլատֆորմում ներգրավված պետությունների միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---