Հովիկ Աբրահամյան. Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին, մենք կրկին մեր վճռական «ոչ»-ն ենք ասում ահաբեկչությանը ու թշնամանքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգու հուշաքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն` 1999 թ. հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ, աշխատակազմի անդամներ: Հիշատակի արարողությանը ներկա էին նաեւ հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կինն ու որդին: Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարի մոտ դրվեցին պսակներ ու ծաղիկներ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, բացելով արարողությունը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 27-ին այս հուշաքարի առաջ հարգանքի տուրք տալով 1999 թ. հոկտեմբերի 27-ի դաժան ոճրագործության զոհերին, մենք կրկին մեր վճռական «Ոչ»-ն ենք ասում ահաբեկչությանը, անհանդուրժողականությանն ու թշնամանքին: Չնայած հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 9 տարի, սակայն մեզանից յուրաքանչյուրը ողջ կյանքի ընթացքում իր հետ տանելու է այն ցավն ու ապրումները, որ զգացել ենք ազգովի 99-ի հոկտեմբերի այս օրը: Եվ 9 տարի անց մենք կրկին փաստում ենք, որ նման ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ ամեն ինչ պետք է անենք, որ նման ոճիրները երբեք չկրկնվեն: Ուստի ամեն անգամ հավաքվելով այս հուշաքարի մոտ, մենք վերստին պիտի հավաստենք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է եւ միայն միասնաբար մենք կարող ենք կառուցել ավելի արժանապատիվ ու բարեկեցիկ Հայաստան, որը, վստահ եմ, հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի եւ մյուս մեր գործընկերների երազանքն էր: Որպես Ազգային ժողովի նախագահ` վստահ ասում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ մեր երկրում վերջնականապես հաղթանակի համերաշխությունը, հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը, որովհետեւ դա է արդար ու արժանապատիվ երկիր կառուցելու ճանապարհը: Իսկ ամենաարժանի հիշատակի տուրքը մեր զոհված գործընկերներին, այն ծրագրերի ու գաղափարների իրագործումն է լինելու, որոնց դավանում էին նրանք: Ու չեմ կասկածում` մենք հաստատ ունենալու ենք մեր եւ մեր զոհված ընկերների երազած Հայաստանը»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---