7 հոկտեմբերի 2019 - 10:39 AMT
Քրգործ՝ «Հայելիի» մոտ միջադեպի առնչությամբ

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս մասին է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշված հոդվածը պատիժ է սահմանում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։

Հոկտեմբերի 5-ին քաղաքացիներ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, եկել են «Հայելի» մամուլի ակումբի ու նույնանուն կայքի գրասենյակի մոտ, որտեղ ձվերով հարվածել են փակ գրասենյակի դռանն ու պատերին և Իլհամ Ալիևի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու վերջինիս քույր Անժելա Թովմասյանի լուսանկարներով պաստառներ կպցրել այնտեղ։ Ինչպես իրենք մասնակիցները պատմել են ֆեյսբուքյան իրենց եթերում, այսպիսով նրանք բողոքն էին հայտնում «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածին (այն առկա է կայքում խմբագրված՝ Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերնագրով՝ խմբ․)։