Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված WCIT 2019-ին Երևանում

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված WCIT 2019-ին Երևանում

PanARMENIAN.Net - 2019-ի հոկտեմբերի 7-ին «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայփոստի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային:

650 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է ՀայՓոստի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից:

Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայփոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT 2019-ը, անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---