Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել

Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը հոկտեմբերի 8-ի դատական նիստում հերթական միջնորդությունն է ներկայացրել՝ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է, նրա մոտ բացի հիմնական հիվանդություններից, գլուխ են բարձրացրել երկրորդական հիվանդություններ, որոնք կյանքին վտանգ են սպառնում, հայտնում է Panorama. am-ը:

«Հիվանդը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, առանց արհեստական շնչառության շնչահեղձ է լինում, հիվանդի մարսողական բոլոր օրգանները խանգարվել են, արհեստական միջամտություններն էլ արդեն չեն օգնում։ Հենց այս պահին գտնվում է նարկոզի տակ»,- հայտարարել է Բաղդասարյանը։

Նրա կարծիքով, դատարանը Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացնում է տոտալ խոշտանգում, չպետք է սպասել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանն, անձի առողջության կտրուկ վատացման պայմանում, դատարանի ձեռքի տակ կա մեկ տասնյակից ավելի բժշկական էպիկրիզներ, և դրանք, հաշվի չառնելով ու կալանքի տակ պահելով, դատարանն իր վրա ծանր բեռ է վերցնում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարել է, որ մերժում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Նա արդեն տևական ժամանակ է բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---