ԵՄ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: «Մենք այժմ մտածում ենք այն մասին, թե ինչ առաջարկներով հանդես կգան այն երկրները, որոնք ներգրավված են Արեւելյան գործընկերության ծրագրում, որպեսզի արդեն գալիք տարվա սկզբին կարողանանք քննարկել այդ առաջարկները»,-նշել է Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, Եվրամիությունն ու Եվրահանձնաժողովը ակտիվ երկխոսություն են վարում այդ երկրների հետ, որպեսզի վերջիններս իրենց կոնկրետ առաջարկներն ու ակնկալիքները ներկայացնեն Արեւելյան գործընկերության շրջանակներում:



«Մենք հասկանում ենք, որ մեր առաջարկած բարեփոխումների իրականացման համար հարկավոր է, որպեսզի քաղաքացիական հանրությունը, հանրապետության իշխանությունները եւ ընդդիմությունը քաղաքական կամք եւ կառուցողական մոտեցում դրսեւորեն: Անհրաժեշտ է, որ առաջարկված բարեփոխումները հավասարապես իրականացվեն բոլոր ոլորտներում եւ այս առումով ԵՄ-ն, Եվրահանձնաժողովն առաջարկում են իրենց աջակցությունն ու փորձը»,-նշել է Հայաստանում Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ռաուլ դը Լուցենբերգերը հաղորդել է նաեւ, որ այս պահին Հայաստանում բարեփոխումներ են ընթանում դատաիրավական համակարգում եւ քննարկվում է այդ բարեփոխումների իրականացման համար 17 մլն եվրո տրամադրելու հարցը:



«Այս ամենը Արեւելյան գործընկերության ծրագրի մի մասն է: Մենք հասկանում ենք, որ զգալի արդյունքների հասնելու համար ժամանակ է պետք, քանի որ բարեփոխումների իրականացումը դանդաղ գործընթաց է»,-ասել է Լուցենբերգերը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---