29 հոկտեմբերի 2008 - 15:10 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Անհրաժեշտություն չկա հորինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ ձեւաչափեր
«Միացյալ Նահանգները պետք է ուշադիր վերաբերվեն այն հայտարարություններին, որ արվում են Վաշինգտոնում: Հիմնականում, ասվում է, որ կա տարածքային ամբողջականության հարց, տարածքային ամբողջականության սկզբունք, որ պետք է հարգվի»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իսկ եղել են նաեւ հայտարարություններ, մասնավորապես Հայաստանում ԱՄՆ դեսպանի եւ պաշտոնական Վաշինգտոնի այլ ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ կա երեք սկզբունք` ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբոջականության եւ ինքնորոշման սկզբունքները: Փաստորեն, սրանք երեք սկզբունքներ են, որ ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքում: Նույն սկզբունքներն են նաեւ ղարաբաղյան հակամարտության մադրիդյան սկզբունքների հիմքում»,-նշել է ՀՀ արտգործնախարարը:

«Ինչ վերաբերոյմ է Մինսկի խմբին, ապա, ես կարծում եմ, այս ձեւաչափն արդարացրել է իրեն, այն օգտվում է միջազգային հանրության աջակցությունից, եւ մենք մտադիր ենք շարունակել բանակցությունները հենց ԵԱՀԿ Մինսկիի խմբի շրջանակներում եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աջակցությամբ: Անհրաժեշտություն չկա հորինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ ձեւաչափեր, քանի որ, ինչպես ես ասացի, Մինսկի խմբի ձեւաչափը գործող եւ արդյունավետ ձեւաչափ է»,-հայտարարել է Է.Նալբանդյանը BBC-ին տված հարցազրույցում: