29 հոկտեմբերի 2008 - 16:36 AMT
Հայաստանը մտադիր է որակապես բարձրացնել Սփյուռքի հետ համագործակցության մակարդակը
Լոնդոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Առավել քան երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը բրիտանահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել Սփյուռքի հետ փոխգործակցությունը, եւ Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում: Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց նաեւ բրիտանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի: