31 հոկտեմբերի 2008 - 16:51 AMT
Turkish Daily News. Չնայած հակաթուրքական հայտարարություններին, Օբաման չի վտանգի թուրք-ամերիկյան հարաբերությունները
Ամերիկայի հայկական եւ հունական լոբբիների ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ Օբամայի եւ Բայդենի վարչակազմը, չնայած իրենց հասարակական հակաթուրքական հայտարարություններին, թուրք-ամերիկյան հարաբերությունները չի զոհաբերի: Այդ մասին «Թուրքիան ընտրում է Օբամային» հոդվածում գրում է թուրքական Turkish Daily News թերթի վերլուծաբան Սեմի Այդըզը: «ԱՄՆ հնարավոր նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը դժվար թե վտանգի ենթարկի հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները: Ակնհայտ է, որ Օբամայի եւ Բայդենի նման դիրքորոշումը ողջունելի է Անկարայի կողմից: Անկասկած կարելի է ասել, որ հանրապետականներից թեկնածու Ջոն ՄըկՔեյնի եւ Սառա Փեյլինի խոստումները հանդիսանում են Բուշի վարչակազմի քաղաքականության շարունակությունը, եւ միայն դա բավական է, որպեսզի թուրքերն իրենց գերապատվությունը տան Օբամային»,- գրում է Սեմի Այդըզը:

Սեմի Այդըզը մեջբերումներ է անում դեմոկրատներից թեկնածուի ծրագրից, որտեղ ԱՄՆ արտաքին քաղաքականության ենթատեքստում նշվում է, որ ԱՄՆ ազգային շահերի տեսակետից Վաշինգտոնի համար կարեւոր են սերտ հարաբերությունները կայուն, ժողովրդավարական եւ արեւմտամետ Թուրքիայի հետ: «Ծրագրում նաեւ ասվում է, որ երկկողմ հարաբերությունները բավական լարված են եղել վերջին տարիների ընթացքում, մասնավորապես, ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու պատճառով, ինչը նպաստել է Թուրքիայի դեմ KPP գործողությունների ակտիվացմանը»,- գրում է վերլուծաբանը:

«Ակնհայտ է, որ Բարակ Օբաման շատ լավ հասկանում է, թե ինչու է Թուրքիան հակաամերիկյան քաղաքականություն վարում: Ելնելով Օբամայի նախընտրական ծրագրից` կարելի է ասել, որ Օբաման եւ Բայդենը կարեւորություն են տալիս այն բանին, որպեսզի Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից եւ առավելագույնս ժողովրդավարական երկիր մուսուլմանական աշխարհում, շարունակի մնալ Արեւմուտքի կողմնակիցը»,- գտնում է վերլուծաբանը: