31 հոկտեմբերի 2008 - 18:09 AMT
Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է անում տարածաշրջանային խնդիրները լուծել առանց Արեւմուտքի միջնորդության
ԱՄՆ եւ ԵՄ ազդեցությունը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում նվազում է: Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոտտակին ` ելույթ ունենալով Ստամբուլի տնտեսական ֆորումում: Օգոստոսյան դեպքերից հետո Կովկասի վրա ազդելու Արեւմուտքի վերջին փորձը ձախողվեց: «Ճգնաժամը կարգավորելու տարածաշրջանային ջանքերը կարող են շատ ավելի արդյունավետ լինել առանց Արեւմուտքի մասնակցության»,- նշել է Մանուչեր Մոտտակին:

Նա նաեւ ավելացրել է, որ Իրանը ԱՄՆ հաջորդ նախագահի առիթով ոչ մի երեւակայական մտքեր չունի: «Վերջին 30 տարիների ընթացքում մենք 5 նախագահ ենք տեսել` դեմոկրատ եւ հանրապետական, եւ նրանց միջեւ ոչ մի տարբերություն չենք գտել: Կարեւոր է ոչ թե այն, թե ով կընտրվի, այլ այն, թե ԱՄՆ ինչպես կգործի ընտրություններից հետո: Երկու թեկնածուներն էլ խոսում են փոփոխությունների մասին, բայց նրանցից ոչ մեկը չի հստակեցնում իր մտադրությունները: Ես համոզված չեմ, որ այդ փոփոխությունները կիրականացվեն»,- հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: