Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հռչակագիր են ստորագրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը:



«ՀայաստանիՀանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը եւ հեռանկարները»,-ասվում է մերձմոսկովյան Մայնդորֆում եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրում:



Հռչակագրով նախատեսվում է` «1. նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ համակողմանի համագործակցության համար:

2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:

3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների եւ փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:

4. Նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաեւ բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, եւ հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:

5. Կարեւոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Մերձմոսկովյան Մայնդորֆում անցած բանակցությունները շարունակվել են եռակողմ հանդիպման շրջանակներում, որը մեկ ժամից ավելի է տեւել:



Այս գագաթնաժողովի կազմակերպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Հոկտեմբերի 20-21-ին գտնվելով Երեւանում նա հայտարարեց, որ օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսեթիայում հաստատեցին ցանկացած բարդ հարց միջազգային սկզբունքների հիման եւ խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու աքսիոմը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---