Բաբլոյանը ՀՔԾ-ում պարզաբանել է հայտարարությունը Փաշինյանի վարչապետ դառնալու մասին

Բաբլոյանը ՀՔԾ-ում պարզաբանել է հայտարարությունը Փաշինյանի վարչապետ դառնալու մասին

PanARMENIAN.Net - 2019-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ իրեն մի բանում միայն կարող են մեղադրել, որ ինքը նպաստել է, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության: «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»,-ասել էր Բաբլոյանը:

Հաշվի առնելով Բաբլոյանի հայտարարության ուղղությամբ քննություն սկսելու հետ կապված լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցադրումներն ու հանրության հետաքրքրությունը հիշյալ հարցի շուրջ` ՀՔԾ-ն հայտնում է, որ Արա Բաբլոյանն այս հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետևյալը.

«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ», ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---