Մոսկովյան հռչակագրում նշված միջոցներն առանց Ղարաբաղի մասնակցության այդպես էլ կմնան որպես բարի ցանկություններ

PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը ստորագրվեց Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ Հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որ կազմված է 5 կետից: Հարկ է նշել, որ այդ փաստաթղթի տակ դրված են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությունները: Հազիվ թե պատահական է այն փաստը, որ հռչակագիրը հայտնվեց ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախօրեին, երբ ԱՄՆ-ն զբաղված է իր ներքին խնդիրներով եւ ժամանակավորապես թուլացրել է իր հետաքրքրությունը հեռավոր կովկասյան տարածաշրջանի հանդեպ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի համար ղարաբաղյան հակամարտության հռչակագիրն է մեկնաբանել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը:



Նրա կարծիքով, հռչակագրի կետերն ունեն բավականին ընդհանուր եւ ոչ հստակ բնույթ, ինչը միանգամայն բնական է, եթե խոսենք ցանկացած հակամարտության կարգավորման փորձերի մասին, առավել եւս այնպիսի բարդ հակամարտության, ինչպիսին ղարաբաղյանն է: «Մասնավորապես, հղումներրը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա կողմերը կմեկնաբանեն ըստ իրենց տրամագծորեն հակառակ մոտեցումների, ինչպես դա լինում էր նախկինում: Այն նշումը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով եւ բանակցությունները շարունակելու ձգտումը ներկայիս բարդ պայմաններում ինքնին դրական արդյունք է, որի համար արժեր հավաքվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների դերի մասին հիշատակումները հավանաբար ուղղակի հանգստացնող ժեստ է ԱՄՆ-ի ու Եվրամիության համար, որոնք միշտ կասկածում են Ռուսաստանին «կայսերական նկրտումներ» ունենալու մեջ: Սակայն Վաշինգտոնում եւ Բրյուսելում թույլ պատկերացումներ ունեն կովկասյան տարածաշրջանի իրողությունների մասին, իսկ նրանց ակտիվությունն Անդրկովկասում բացատրվում է իրենց սեփական տնտեսական եւ ռազմական-ռազմավարական շահերն ապահովելու ձգտումնով»,-նշել է ռուս փորձագետը:



Միեւնույն ժամանակ նա առանձնակի ուշադրություն է դարձրել հռչակագրի 3-րդ կետին, որտեղ կողմերը (ներառյալ Ռուսաստանը) «համաձայնվում են, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի նրա բոլոր ասպեկտների ու փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով»: «Դեռեւս ոչ այդ երաշխիքները, ոչ էլ դրանց կոնկրետ պարամետրերը նույնիսկ չեն նշմարում եւ դա նաեւ այն բանի հետեւանքն է, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններին: Եթե ասենք խոսքը գնում է ինչ-ինչ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին «անվտանգության գոտու» տարածքում, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առանցքային հարցի չլուծված պայմաններում դա կարող է հանգեցնել ոչ թե հակամարտության խաղաղեցման, այլ դրա ապասառեցման: Երեւանն երբեք չի կարողանա «հանձնել» «անվտանգության գոտու» տարածքները, եւ այդ հարցի լուծումը, որն այդքան հետաքրքրում է ադրբեջանական կողմին, հնարավոր չէ առանց Ստեփանակերտի մասնակցության որպես բանակցությունների ինքնուրույն սուբյեկտի (ըստ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ այլ հիմնարար փաստաթղթերի): Հռչակագրում հայտարարված վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները առավել քան ակտուալ են, սակայն առանց ԼՂՀ մասնակցության դրանք կմնան սոսկ բարի ցանկություններ»,-ասել է Արեշեւը:



Նա նաեւ ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտությունը նախկինի պես հեռու է լուծումից: «Հռչակագիրն ընդամենը հերթական անցումային քայլն է այդ ծանր ճանապարհին, որը կոչված է հաստատել Ռուսաստանի աճող դերը կովկասյան հակամարտությունների լուծման գործում: Դա, անկասկած, դրական քայլ է` Մոսկվայի պասիվ դիրքորոշումը, որի մասին ասում էր Մեթյու Բրայզան, առնվազն, տարակուսանք էր առաջացնում: Կարելի է ենթադրել նաեւ առավել կոնկրետ հարցերի մշակում, որոնք դեռեւս ենթակա չեն լայն հրապարակման: Սա սովորական գործելակերպ է այն դեպքերում, երբ խոսքը գնում է բարդ եւ նուրբ հարցերի մասին: Սակայն պետք է հիշել, որ «սայլը ձիուց առաջ» դնելու փորձերը, անտեսելով ԼՂՀ ապագա կարգավիճակի եւ նրա անվտանգ գոյության երաշխիքները, դատապարտված են ձախողման»,-ընդգծել է Անդրեյ Արեշեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---