ՀԿԵ բոլոր աշխատողների աշխատավարձերը 10%-ով կբարձրանան

ՀԿԵ բոլոր աշխատողների աշխատավարձերը 10%-ով կբարձրանան

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակի շտկմանը, որի աշխատակիցները հոկտեմբերի 22-25 գործադուլ էին հայտարարել, հայտնել է, որ ընդունվել են մի շարք որոշումներ:

Մասնավորապես, որոշվել է մշակել 2019 թվականի նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ինդեքսավորելու մասին նորմատիվ ակտը, ինչպես նաև Տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2020-ի հունվարի 1-ից լոկոմոտիվային բրիգադների ժամավճարների 5%-ով բարձրացնելու հարցը:

Որոշվել է նաև, հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները, պարգևատրման մասին կարգի համաձայն նախատեսել միանվագ պարգևների վճարումը բոլոր աշխատողներին տարվա արդյունքներով: Նաև որոշվել է մշակել տարվա արդյունքներով ընկերության աշխատողների պարգևատրման կարգը:

Գրառման մեջ նաև ասվում է. «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո:

Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի արդյունքում փոխադրվել է 2 321,6 հազար տոննա բեռ, ինչը 7,7% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ուղևորաշրջանառությունն ավելացել է 15,9%:

Ցուցանիշների աճը թույլ է տալիս ապահովել աշխատավարձերի, պարգևատրումների վճարումը ժամանակին: Ընդ որում, մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին ավելացել է 16,6%՝ մինչև 354 հազար դրամ, իսկ օգնականների՝ 13,3%՝ մինչև 249 հազար դրամ:

Լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձերի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի միջին չափին կազմել է 198,6%՝ այսինքն՝ կրկնակի ավել: Գործունեության դրական արդյունքները թույլ են տվել ձևավորել ֆինանսական պաշարներ և միջին ամսական աշխատավարձի չափով պարգևների վճարում նախատեսել տարվա արդյունքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, լոկոմոտիվային բրիգադների միջին ամսական աշխատավարձը 2019 թվականի արդյունքներով աճելու է 19%:

Չնայած աշխատավարձերի գծով արձանագրվող դրական փոփոխություններին՝ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադները հոկտեմբերի 22-ից 25-ը լիովին դադարեցրել են գնացքների երթևեկությունը: Նման գործողություններով նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ընկերության ղեկավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:

Գնացքների երթևեկության դադարեցման պատճառով դադարեցվել են նավթամթերքների, ցորենի, պարենային և այլ ապրանքների փոխադրումները: Ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել են ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և Գլխավոր դախախազությունը:

Պետական մարմինների հետ համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել էր հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40: Պարապուրդի պատճառով Հարավկովկասյան երկաթուղին չի ստացել ավելի քան 140 մլն դրամի եկամուտ, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ցուցանիշների թերկատարման և հարցականի տակ է դնում ամբողջ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը»:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
---