ԱՀՀ-ն ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ընդունումը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագրի ընդունումը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից, հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: «ԱՀՀ-ն միշտ համարել է, որ անկախ կարգավորման վերջնական արդյունքից, այն պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի համար»,-ասել է Հովնանյանը:



ԱՀՀ-ն նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին սատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներին եւ խաղաղ ապրելու նրա ձգտմանը, ինչն ամրագրված է ԱՄՆ Սենատի 178-րդ բանաձեւում, որը ներառում է Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որով արգելվում է պետական օգնություն հատկացնել Ադրբեջանին որպես ագրեսոր պետության: 178-րդ բանաձեւը նաեւ ենթադրում է հումանիտար օգնության հատկացում Արցախի ժողովրդին: ԱՀՀ հայտարարության մեջ ասվում է նաեւ ադրբեջանցի զինվորականների կողմից Նոր Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին:



Նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը: Հանդիպման արդյունքում հռչակագիր է ստորագրվել, որտեղ ընդգծվում է Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը նպաստելու անհրաժեշտությունը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման ճանապարհով հակամարտության քաղաքական կարգավորումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---