Լեռնային Ղարաբաղում մոսկովյան հռչակագիրը նշանակալի են համարում

PanARMENIAN.Net - Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրված հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի նոր բան չի առաջարկում մոտեցումների առումով, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղցի քաղաքագետ Դավիդ Բաբայանը: Նրա խոսքերով, այնտեղ նշված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր մոտեցումները, որոնց մասին արդեն տեւական ժամանակ է ինչ խոսում են բոլոր նրանք, ով իրոք պատկերացնում է իրավիճակը տարածաշրջանում եւ շահագրգռված է այս հակամարտության համապարփակ կարգավորման մեջ: «Սակայն իրականում այս հռչակագիրն իրոք կարելի է նշանակալի անվանել: Դա հատկապես արտահայտվում է երկու ուղղություններով: Առաջինը` հակամարտության կարգավորման փիլիսոփայությունն է: Այստեղ առկա է հանգուցալուծման որեւէ կոնկրետ սցենարի բացակայություն, այդ թվում որեւէ կոնկրետ ամսաթվերի կամ քայլերի: Ոմանք կարող են մտածել, որ այս կերպ փաստաթուղթը ֆիկտիվ է դառնում, սակայն իրականում նման կոնկրետության բացակայությունը իրատեսական եւ լուրջ է դարձնում փաստաթուղթը: Բավական է նշել որեւէ սցենար կամ ամսաթիվ, եւ ցանկացած փաստաթուղթ, նույնիսկ պատրաստված դիվանագիտության բոլոր դասական կանոններով, անմիջապես կմտնի պատմության մեջ: Այդպիսով, հռչակագիրը իրողության արտացոլումն է եւ ցանկալին իրողության տեղ չի ներկայացնում: Փաստաթուղթը փաստորեն ճանաչում է եւ այն, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը բավական տեւական է եւ երկար ժամանակ է պահանջում երկխոսության եւ բացառապես խաղաղ ճանապարհով այն լուծելու համար: Երկխոսության եւ խաղաղության որդեգրումը կարելի է անվանել այս հռչակագրի ամենաառանցքային ասպեկտը: Կարեւոր է նաեւ այն, որ կարգավորման մեջ առանձնակի դեր է հատկացվում վստահության ամրապնդման միջոցներին: Դա նշանակում է, որ կարգավորման նոր փուլը պետք է ամրապնդվի կոնկրետ արդյունքներով վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներով: Այս համատեքստում հատուկ դեր է պատկանում է նաեւ հակամարտության կողմերի հասարակություններին»,-ասել է Բաբայանը:



Նա նաեւ նշել է, որ այս համատեքստում խնդիրներ կան ադրբեջանական հասարակության մեջ, որտեղ մինչ այժմ կարելի է լսել ֆաշիստական արտահայտություններ, ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորներում: «Կցանկանայի մեջբերել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլտեկին Հաջիեւայի արտահայտությունները: Ըստ նրա, միակ փոխզիջումը ադրբեջանական կողմից կարող է լինել այն, որ նրանք ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կարող են համաձայնվել հայ բնակչության հետագա բանկմանը Ղարաբաղում: Իսկ հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ուղղակի երազում է նրա մասին, որ Հայաստանը հակվի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմը, որից հետո, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը «Ռուսաստանի օգնությամբ լիովին կմաքրի Ղարաբաղը եւ նույնիսկ կվերցնի Մեղրիի շրջանն ու կմիանա Նախիջեւանի ու Թուրքիայի հետ` ոչնչացնելով Հայաստանն որպես երկիր: Սրանք ինչ-որ անգրագետ ֆանատիկոսների խոսքեր չեն, այլ լավ կրթված մարդկանց, Ադրբեջանի մտավոր վերնախավի ներկայացուցիչների: Պարզ է, որ նման տրամաբանությամբ շատ դժվար կլինի լուծել ղարաբաղյան խնդիրը եւ դա տասնամյակներ կպահանջի: Եվ այն էլ այն դեպքում, եթե նման` նյուրնբերգյան պատասխանի արժանի, հայացքների դեմ համընդհանուր պայքար մղվի: Հասկանալի է նաեւ, որ եթե այն երկիրը, որտեղ նման մոտեցումներն են գերիշխում, ինչ-որ հնարավորություն ստանա վնասակար ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համակարգի վրա, անպայման կօգտվի դրանից»,-ասել է ղարաբաղցի քաղաքագետը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---