4 նոյեմբերի 2008 - 14:59 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոտ ապագայում կայցելեն Հայաստան, Ղարաբաղ եւ Ադրբեջան
Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոնստրուկտիվ հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, համանախագահները մտադրված են բանակցությունների շարունակման եւ կարգավորման գործընթացի ակտիվացման համար մոտ ապագայում այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան: Ինչպես նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Հայաստանի նախագահը ներկայումս գտնվում է Փարիզում, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ եւ քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: «Մենք հույս ունենք, որ այս նոր գործընթացը, բանակցությունների ակտիվացումը նոր հնարավորություններ կբացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը, ասվում է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած հռչակագրում: Ըստ ՌԴ նախագահի, ամենակարեւոր խնդիրը կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պայմանների ստեղծումն է: