Գևորգ Պետրոսյան. ՍԴ ամենամեծ ճգնաժամն ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է

Գևորգ Պետրոսյան. ՍԴ ամենամեծ ճգնաժամն ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ամենամեծ ճգնաժամը ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է:

«Ո՞վ է ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա. այն դատավո՞րը, որն ընդհանրապես չի մասնակցում նիստերին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

«Հավատացեք՝ այդ անձի դեմ ոչինչ չունեմ, ոչ մի անգամ չենք առնչվել, ատելություն չունեմ։ Իմ ատելությունը նրա կեցվածքն է։ Մարդը չի մասնակցում նիստերին, պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, խրախուսումներ։ Բայց եթե դատավորը չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչի՞ համար է խրախուսվում։ Եթե երկակի ստանդարտները մեր երկրում չեն վերանալու, ոչնչի չենք հասնելու։ Ոչ մի նիստի չմասնակցող դատավորը բարոյական իրավունք չունի քննադատել ՍԴ աշխատանքը», - իր վրդովմունքն արտահայտեց Գևորգ Պետրոսյանը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին ընտրվել է ՍԴ դատավոր և չի մասնակցել որևէ նիստի: Գրիգորյանը նաև չի զբաղվում իրեն մակագրված գործերով։

Վերջին շրջանում ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ Վահե Գրիգորյանը բոյկոտում է ՍԴ աշխատանքը, սակայն, աշխատավարձ է ստանում, նաև պարգևավճարներ, աշխատասենյակ և աշխատակազմ ունի: Վահե Գրիգորյանն ունի ծառայողական մեքենա, ամսական 793,000 դրամ աշխատավարձ, ամսական 240 լիտր բենզինի կտրոն:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---