4 նոյեմբերի 2008 - 17:09 AMT
Նիդեռլանդների ԱԳՆ անհանգստացած է նրանով, որ Թուրքիայում մի գրողի դատում են Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարության պատճառով
Նիդեռլանդների արտգործնախարար Մաքսիմ Վերհագենը դիմել է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանին` խնդրելով որոշակի բացատրություններ տալ Թուրքիայի արդարադատության նախարարի որոշմամբ «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելու համար քրեական հետապնդման ենթարկվող թուրք գրող Թեմել Դեմիրերի նկատմամբ դատական գործընթաց սկսելու առնչությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Նիդեռլանդների Հայկական Կազմակերպությունների Դաշնության (FAON) մամլո ծառայությունում:

Այն բանից հետո, երբ FAON-ը հոլանդական խորհրդարանի ներկայացուցիչներին հաղորդել է Թեմել Դեմիրերի հետապնդման մասին, չորս կուսակցություններ գրավոր հարցերով դիմել են երկրի ԱԳՆ ղեկավարին: Խորհրդարանականների ներկայացրած հարցերի պատասխաններում Մաքսիմ Վերհագենը նշել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարը թույլ է տվել դատական գործընթացներ սկսել 311-ից 44 քրեական գործերի հիման վրա, եւ այդ գործերի մեծ մասը հարուցվել է նախքան Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մեջ փոփոխություններ մտցնելը: Հոլանդիայի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ պաշտոնական Ամստերդամը կհայտնի իր կարծիքը 301-րդ հոդվածի առնչությամբ Թուրքիայում արձանագրված առաջընթացի մասին զեկույցում, որը մոտ ժամանակներում կտարածվի Եվրոպական Հանձնաժողովի կողմից: Վերջերս Բոսֆորի համագումարի ընթացքում Մաքսիմ Վերհագենը անհանգստություն է հայտնել Թուրքիայում առաջընթացի բացակայության պատճառով, մասնավորապես, խոսքի ազատության ոլորտում, եւ հատուկ ուշադրություն է հրավիրել Թուրքիայում ՔՕ 301-րդ հոդվածի կիրառումը շարունակելու վրա:

Թուրք գրող Թեմել Դեմիրերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրը կատարած հայտարարության մեջ «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելու համար: Իր ելույթում Դեմիրերը նշել է, որ Հրանտ Դինքը սպանվել է ոչ միայն այն պատճառով, որ հայ էր, այլեւ որ բարձրացնում էր Հայոց ցեղասպանության հարցը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սպանությունը եւ ճշմարտության քողարկումը փոխկապակցված են: Հրանտ Դինքին սպանել են ոչ միայն այն բանի համար, որ նա հայ էր, այլեւ նրա համար, որ նա հայտարարել էր, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրականացվել: Եթե թուրքական մտավորականությունը չդադարեցնի ՔՕ 301-րդ հոդվածի կիրառումը, նրանք նույնպես մեղսակից կդառնան Դինքի սպանությանը: Մեր պատմության մեջ եղել է ցեղասպանություն` 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հրանտ Դինքն իր կյանքի գնով մեզ ասեց ճշմարտությունը, եւ նրանք, ովքեր պնդում են 301-րդ հոդվածի կիրառման վրա, այդ հանցագործության մասնակիցներն են հանդիսանում: Նրանք, ովքեր նորմալ հարաբերություններ են ցանկանում ազգերի միջեւ, պետք է առերես կանգնեն պատմական փաստերի դիմաց: Մենք պետք է կանխենք մարդկության դեմ հանցագործությունները եւ այն, ինչ կատարվել է հայերի հետ, կարող է պատահել նաեւ քրդերին: Ես բոլորին կոչ եմ անում հանցագործությունների ճանաչմանն ու կանխմանը եւ հայտարարում. «Այո, այս երկրում իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ով է իրագործել այդ կոտորածը: Մեզ համար դա գաղտնիք չէ, ինչպես եւ գաղտնիք չէ նրանց համար, ովքեր աջակցում են 301-րդ հոդվածին: Եւ այդ ամենից հետո մենք չենք կարող լռել»: Այս հայտարարությունը ստորագրվել է ավելի քան 45 մասնավոր անձանց եւ թուրքական կազմակերպությունների կողմից: