ԱՄՆ կոնգրեսականները Մայիլյանին են հանձնել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի կրկնօրինակը

ԱՄՆ կոնգրեսականները Մայիլյանին են հանձնել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի կրկնօրինակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։

Միջոցառման շրջանակում Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի կրկնօրինակը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ․ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն:

Իր ելույթում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները։

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ ջանքերով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---