4 նոյեմբերի 2008 - 17:26 AMT
Բաքու. Մոսկովյան հռչակագիրը կարող է ուղեցույց դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում
Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ Հռչակագրի ստորագրումը կարագացնի խնդրի լուծումը: «Հռչակագրի ստորագրումը պատմական պահ է հակամարտության կարգավորման ճանապարհին եւ նոր գործընթացի սկիզբ»,- ասել է Ադրբեջանի նախագահի Գործադիր մարմնի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Եթե հայկական կողմը կարծում է, որ հակամարտության լուծումն անհրաժեշտ է իր ժողովրդին, ազգին, պետությանը, եւ որ չկա հակամարտության լուծման այլ ճանապարհ, անկասկած, Մոսկվայում ստորագրված համատեղ Հռչակագիրը պետք է արագացնի այդ գործընթացը: Եթե հաշվի առնենք, որ փաստաթուղթը որպես երաշխավոր ստորագրել է նաեւ ռուսական կողմը, այլեւս կասկած չի մնում նրանում, որ Հռչակագիրը կարագացնի հակամարտության կարգավորումը»,- ասել է նա` ավելացնելով, որ «ներկայումս նման փաստաթղթի ստորագրումը, առնվազն, յուրահատուկ իրադարձություն է հակամարտության կարգավորման գործընթացում»:

Մամեդովը գտնում է, որ փաստաթղթում շատ հարցեր են պարզաբանվում` կապված հակամարտության կարգավորման հետ եւ որոշվում, հստակեցվում են նախագահների, կողմերի առջեւ ծառացած որոշակի խնդիրներ:

«Հռչակագիրը կարող է ուղեցույց դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում: Փաստաթուղթն իր մեջ արտացոլում է հիմնավոր սկզբունքներ, եւ Մինսկի խմբի անդամ երկրները սատարում են դրանց»,- ասել է Մամեդովը` նշելով, որ երեք երկրների նախագահները չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը:

«Եթե նման հարց քննարկվեր, դա կարտացոլվեր փաստաթղթում: Կարծիք կա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք չի լինի: Ես գտնում եմ, որ մենք հաղթահարել ենք ամենալարված տարիները` ամենալարված փուլը: Հնարավոր է, ստորագրված փաստաթուղթը նվազեցնի լարվածությունը: Եթե մինչ օրս գոյություն ունեցող լարված իրադրության մեջ խաղաղապահ ուժերի կարիք չի եղել, եւ մենք ինքներս կարողացել ենք պահպանել կայունությունն ու խաղաղությունը, ապա արդյո՞ք կա այդ խաղաղապահ ուժերի կարիքը նվազ լարվածության պայմաններում: Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ օրակարգում դեռեւս չկա խաղաղապահ ուժերի հարցը եւ հետագայում էլ չի լինի»,- ասել է Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, ԱՄՆ արդեն հավանություն է տվել Մոսկվայում ստորագրված փաստաթղթին. «ԱՄՆ նույնպես գտնում է, որ փաստաթուղթը կառուցված է հիմնավոր սկզբունքների հիման վրա, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է հաղթահարվեն եւ որ փաստաթուղթը կարագացնի կարգավորման գործընթացը», հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով