ԼՂՀ. Մոսկովյան հռչակագիրն ուղղակի արձանագրություն է մտադրությունների մասին

PanARMENIAN.Net - «Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հռչակագրի ստորագրումն, անկասկած, դրական փաստ է: Ճիշտ է, դեռեւս ոչինչ պարզ չէ եւ ես կասեի, որ սա ուղղակի արձանագրություն է մտադրությունների մասին, եւ այն, որ նա կա, արդեն լավ է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:



Նրա խոսքերով, հարկավոր է երկու պահ առանձնացնել` առաջինն այն է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել լուծում գտնել միջազգային իրավունքի շրջանակներում: «Այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրավաբանական հիմնավորում ստանա: Եվ երկրորդ պահը` մեզ հարկավոր են շփումներ հասարակական կազմակերպությունների մակարդակով, ուստի ցանկացած քաղաքական որոշում պետք է հիմնվի հասարակական հավանության վրա: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը եւ թույլ տա ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություններին այցելել Լեռնային Ղարաբաղ: Մենք պետք է ծանոթանանք միմյանց հետ, շփվենք, որպեսզի Ադրբեջանում ձեւավորվի ԼՂՀ-ի դրական եւ ճշմարիտ կերպարը»,-ասել է Աթանեսյանը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---