
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առավել լայն ներգրավվածություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր գործում: Այդ մասին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ տնօրենին առընթեր խորհրդի նիստում ՀՀ: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները:
Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարվող աշխատանքների առավել համակարգված իրականացմանը, այլ մարմինների հետ համագործակցության մակարդակի բարելավմանը, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների ու հակազդեցությունների չեզոքացմանը վերաբերող հարցեր, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանք լուծելու ու խոչընդոտները հաղթահարելու ուղիները:
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ՝ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր գործում ՀՀ ազգային անվտանգության ծառայության առավել լայն ներգրավվածության և աշխատանքների հետևողական իրականացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը վերահսկելու և ժամանակին դրանց արդյունքների մասին զեկուցելու համար Է. Մարտիրոսյանն առանձին ստորաբաժանումների ղեկավարներին տվեց խիստ ցուցումներ: