
Պաշտպանության նախարարության այսօրվա բյուջեն բավարար է բոլոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար: Այդ մասին Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խոսելով սահմանային իրավիճակի մասին` նախարարը նշել է, որ եղել է կարճաժամկետ լարվածություն, ինչը կարգավորվել է, իսկ ինչ վերաբերում է արցախյան հարցի շուրջ 3 ժողովուրդների համար ընդունելի տարբերակին, Դավիթ Տոնոյանը ևս կողմ է այս մոտեցմանը, հայտնում է Shantnews.am-ը:
«Այլ տարբերակի դեպքում, երբ որևէ կողմը դժգոհ մնա, նշանակում է նույն լարվածության շարունակություն ու նույն ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն, այլ տարբերակ չկա»,- ասել է նախարարը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ բանակցային գործընթացում ռեալ տեղաշարժ չկա, նախարարը չի համաձայնել: «Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում, մեր դիվանագիտական ծառայությունը և արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,- նշել է Տոնոյանը` այլ մանրամասներ չցանկանալով ներկայացնել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով, ինչը համարժեք է 2019-ի հատկացմանը: Ավելացում չի նախատեսվում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նաև հայտնել է, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30ՍՄ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին:Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:
2019-ին ՀՀ-ն ավելացրել էր պաշտպանական ծախսերը մոտ 25%-ով մինչև 322 մլրդ դրամ կամ մոտ $660 մլն։ Ընդ որում, առաջին անգամ պաշտպանական ծախսերը հատել են $600 մլն շեմը։