ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական սարքեր մատակարարել ՊՆ-ին

ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական սարքեր մատակարարել ՊՆ-ին

PanARMENIAN.Net - «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել է գիշերային տեսադիտման հատուկ սարքեր, բացահայտել և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել ORSIS ընկերության առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները: Այս մասին հաղորդել է Factor.am-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին:

ORSIS ընկերությունը ռուսական «Промтехнологии» կոնցեռնի մասն է կազմում, իսկ Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն է: Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն են Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանը: Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է։ Իսկ Գևորգ Մանուկյանը նախկինում զբաղեցրել է նույն պաշտոնը, ինչ Արթուր Գալստյանը:

Մասնավորապես, նշվում է, որ ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել, քանի որ ռազմական տեսադիտման սարքավորումները զինվորներին քողարկելու կարևորագույն ֆունկցիա ունեն, ինչը բացակայում է որոսորդականների մոտ:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ՊՆ-ն ռազմական տեսադիտման 500 սարքավորման հայտ է ներկայացրել, որից յուրաքանչյուրի համար, ORSIS ընկերությունը սահմանել է 3.1 մլն դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուրի համար 600,000 դրամով ավելի թանկ: Այս գնով ՊՆ-ն 500 սարքավորման համար պետք է վճարեր 1.9 մլրդ դրամ: Սակայն գործարքը մայիսից կասեցվել է՝ բացահայտված խախտումների պատճառով: ORSIS ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքել է այս լուրերը:

Նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի հետ կապված հարցին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ հանցավոր արարք է եղել, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները։

Կապված իրեն փոխանցված փաստաթղթերի հետ՝ նախարարն արձագանքել է. «Այո, բայց դա ոչ թե փորձաքննություն է եղել, այլ գնումների գործընթացի ժամանակ մատնանշվել է մեկ կազմակերպությանն առավելություն տալու փաստը»:

2019-ի օգոստոսին պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---