Վազգեն Մանուկյանն ասել է՝ որ դեպքում կթողնի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը

Վազգեն Մանուկյանն ասել է՝ որ դեպքում կթողնի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը աշխատանքից դուրս կգա, երկու դեպքում. եթե վարչապետը իրեն հրավիրի և ասի, որ միասին աշխատել չեն կարող կամ, եթե որոշի սկսել քաղաքական պայքար: Այս մասին ասվում է Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի»,- նշել է Մանուկյանը:

Անդրադառնալով իր պաշտոնավարումը դադարեցնելուն՝ Մանուկյանը նշել է, որ տեխնիկապես դա կարող է արվել եկող տարվա ապրիլի 4-ից հետո:

«Երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ Հանրային խորհրդի առաջիկա նիստում քննարկվելու են հետագա անելիքները:

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհուրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2009-ի մայիսի 29-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019-ի ապրիլի 4-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---