Էրդողանի այցն ԱՄՆ կարող է չեղարկվել

Էրդողանի այցն ԱՄՆ կարող է չեղարկվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 13-ի համար նախատեսված ամերիկյան այցին։

«Նախագահի ԱՄՆ մեկնելու հարցի վերաբերյալ մեր քննարկումները շարունակվում են։ Եթե մեր կասկածները չփարատվեն, հնարավոր է, որ այցը չկայանա։ Վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում», - հայտարարել է Քալընը, հայտնում է Ermenihaber-ը։

Նա հավելել է, որ Էրդողանի այցը պլանավորվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերի հիման վրա։ Այցի նպատակն այնպիսի օրակարգային հարցերի քննարկումն էր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական հարցը, թուրք-ամերիկյան ռազմարդյունաբերական համագործակցությունը, երկկողմ առևտրաշրջանառության խթանումը և այլն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---