7 նոյեմբերի 2019 - 10:24 AMT
ԵՊՀ-ում ուսվարձը կարող է բարձրանալ մինչև 15%

Երևանի պետհամալսարանում ուսման վարձերը կարող են բարձրանալ մինչև 15 տոկոս: Այդ մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Նա նշել է, որ այն աշխատավարձը, որ ստանում է այսօր պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանը և իր արած աշխատանքին, հայտնում է Panorama.am-ը:

«Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձերից: Ուրիշ էական աղբյուր չկա, չնայած ձգտում ենք նաև պակասեցնել այլ ծախսերը: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ»,-ասել է նա:

Գևորգյանը նշել է, որ գիտխորհրդի քննարկմանն է դնելու ուսման վարձերի բարձրացման հարցը, քանի որ այսօրվա վարձերով հնարավոր չէ համալսարանը պահել: «Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով՝ կախված մասնագիտություններից, որի շնորհիվ մենք սեպտեմբերից կկարողանանք աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, քանի որ 15 տոկոս ավելի է վճարելու միայն առաջին կուրսը, իսկ աշխատավարձը բարձրացնելու ենք բոլորինը: 15 տոկոսը չի էլ հերիքի 10 տոկոս բարձրացնելու համար, նաև խնայողություններ, այլ տեղերից գումարներ … »,-ասել է նա:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, եթե ինքը լինի ռեկտոր, շարունակելու է բարձրացնել՝ բերելով խելամիտ սահմանների, որպեսզի արդյունավետ կառավարումով կարողանան մարդկանց աշխատավարձերը շոշափելի բարձրացնել:

«Ես կհամարեմ շոշափելի բարձրացած, եթե երիտասարդ հեռանկարային մասնագետը դիմի համալսարան աշխատանքի, իսկ այսօր նրանք միայն համատեղությամբ են աշխատում համալսարանում՝ իրենց հացը վաստակելով այլ տեղերում, իսկ համալսարանում աշխատում են կես դրույքով՝ որպես իրենց պարտք հայրենիքին ու համալսարանին»,-ասել է նա:

Գևորգյանը տեղեկացրել է, որ ներդնելու են լավագույն դասախոս մրցանակաբաշխությունը:

Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: