ANCA. Օբամայի հաղթանակը լուրջ հնարավորություն է տալիս Վաշինգտոնին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCA-ում, կոմիտեում գտնում են, որ Օբամայի հաղթանակը նոր եւ լուրջ հնարավորություն է տալիս Վաշինգտոնին` պաշտոնապես ճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը եւ ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները: «Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հաղթանակը սկիզբ դրեց ԱՄՆ-ում ակնկալվող փոփոխություններին:



Մեր անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի հայ համայնքի 80-85 տոկոսը նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տվել է դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամային»,-հայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը: Նրա խոսքերով, Ամերիկայի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Ամերիկայի հայ համայնքը կշիռ ունեցող ընտրազանգված է ԱՄՆ-ի համար:



Իր նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման բազմիցս է սատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին եւ խոստացել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, Օբաման հայտարարել է նաեւ, որ կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, որոնք ըստ նրա «կծառայեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի ընդհանուր անվտանգությանն ու կամրապնդեն ժողովրդավարությունը ՀՀ-ում»:



Ի տարբերություն այլ թեկնածուների, Բարաք Օբաման խոստացել է նաեւ ապահովել Հայաստանի անվտանգությունը` վերջ տալով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայկական սահմանների շրջափակմանը, ինչպես նաեւ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որի հանգուցալուծումն, ըստ Օբամայի, պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար եւ հիմնվի ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---