Հարությունյան. ՀՅԴ անդաստիարակ պահվածքը պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին

Հարությունյան. ՀՅԴ անդաստիարակ պահվածքը պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն որոշեց աղմկել կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, քանի որ այս ոլորտը համակարգելիս բազմաթիվ տապալումներ է ունեցել: Այս մասին, Factor.am-ի հաղորդմամբ, ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կուսակցության կողմից իր հրաժարականի պահանջին և կրթության ոլորտում փոփոխություններին:

«Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին,- ասել է Հարությունյանը, հավելելով,- ես չգիտեմ՝ ՀՅԴ որ մարմինն է համակարգում և ովքեր են ղեկավարը, ես իմ տեսածի արդյունքն եմ ասում: Թե ովքեր են Դաշնակցությունում այդ քաղաքական պրոցեսները համակարգում՝ Հրանտ Մարգարյանն է, Գեղամ Մանուկյանն է, Լևոն Մկրտչյանն է, թե ով է, ինձ շատ չի հետաքրքրում, դա անում են իրենց սխալ հաշվարկների արդյունքով»:

Անդրադառնալով ԿԳՄՍՆ բերված արկղերին, որոնց մեջ ակցիայի մասնակիցներն առաջարկել են նախարարի իրերը հավաքել, Հարությունյանը նշել է, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել ոլորտին վերաբերող տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել՝ հավելելով, որ իրենք խնդրել են Դատախազությանն ու ՀՔԾ-ին տրամադրել այդ գործերի ցանկերը: «Եթե տեսել եք 1.5 տարվա ընթացքում ես անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ դա ավելորդ ժամանակ է ինձնից տանում, բայց ձեռնամուխ կլինեմ դրան»,- ասել է նախարարը:

Խոսելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաների դասաժամերի թեմայով բողոքների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նախագիծը թույլ է տալիս բուհերին, որ իրենք որոշեն, թե ինչ ծավալով պետք է սովորեն ուսանողներն այդ առարկաները:

Նախարարաը նշել է, թե իսկապես կրթության ոլորտով մտահոգ կողմերի հետ իրենք քննարկումներ անցկացնում են, ԿԳՄՍ-ի կողմից ֆինանսավորված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն անդրադառնալով ասել է, որ 900 մլն-ից ավելի գումար հատկացվել է ազգային, կամերային, դասական, Արցախի խնդիրներին և ընդամենը 0.3%-ը փորձարարական մի միջոցառմանը: «Բնական մարդը, երբ դնի այս թվերն իրար կողք կհասկանա, որ որոշակի շահարկումների տեղ կա այստեղ»,- ասել է նախարարը՝ ամփոփելով, որ հանդիպումների և քննարկումների արդյունքում «ջրերը կզուլալվեն»:

ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են անում՝ ընդդեմ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Նոյեմբերի 4-ին ՀՅԴ երիտասարդական միությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարել են, որ անժամկետ նստացույց են սկսում:

 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար