Թուրքիայի ԱԳՆ. Անկարան բավականությամբ է ընդունել Մոսկովյան հռչակագիրը

PanARMENIAN.Net - Անկարան բավականությամբ է ընդունել Մոսկովյան հռչակագիրը, որը նախատեսում է երկխոսության ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում միջազգային իրավական նորմերի շրջանակներում եւ բանակցությունների գործընթացի ակտիվացման մասին ընդունված որոշում: Ինչպես ասվում է թուրքական ԱԳՆ հայտարարության մեջ, Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, հետագայում էլ շարունակելու է աշխատել կողմերի հետ եւ աջակցել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին:



«Օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած դեպքերից հետո մեր երկիրը հանդես եկավ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որը թեեւ ուղակիորեն կապված չի հակամարտությունների հետ, բայց նախատեսում է խաղաղ ճանապարհով փոխադարձ վստահության, տարածաշրջանային քաղաքական երկխոսության ստեղծման օգնությամբ Հարավային Կովկասում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում: Փոխադարձ վստահության հիման վրա տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության կառուցումը կծառայի կողմերի միջեւ վստահություն ստեղծելու Մոսկովյան հռչակագրի կետերի իրագործմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---