6 նոյեմբերի 2008 - 16:15 AMT
Արդյունավետության համար բանակցություններին պակասում է ամենաշահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագիրը վկայում է որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետ միջնորդ հանդես գալու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին: Այդ մասին ասվում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանության մեջ: «Այդ հանդիպումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի` քաղաքական մեթոդներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ դիրքերը հստակեցնելու փորձ, այդ թվում հաշվի առնելով նաեւ օգոստոսին հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանում փոփոխված իրավիճակը: Անցած տարիների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ բանակցությունների արդյունավետության համար պակասում է ամենաշահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքին լիարժեք համապատասխանությամբ կայացած պետություն»«- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքերով, եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված լիներ հակամարտության կարգավորման մեջ, ապա վաղուց պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ նստեր բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե տարբեր միջազգային ատյանների եւ երկրների միջոցով փորձեր ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ ապակողմնորոշեր միջազգային հանրությանը: «Ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախ կարգավիճակը եւ դրանով իսկ պայմանավորված ժողովրդի անվտանգությունը ԼՂՀ քաղաքականության բացարձակապես փոխկապակցված հիմքերն են»,- ասել է Գեորգի Պետրոսյանը:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: