ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշավոր լավատեսություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում առիթ տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին զգուշավոր լավատեսություն հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին միջնորդները հայտարարել են Վիեննայում կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ: «Տարածաշրջանում կան սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոններ, որոնք լավատեսության հիմք են տալիս»,-նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն ասել է, որ Մոսկվայում նոյեմբերի 2-ին կայացած հանդիպման սուբյեկտիվ գործոն հանդիսացավ հունիսին Սանքտ Պետերբուրգում կայացած նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը: «Կառուցողական ոգին առաջին անգամ թույլ տվեց նրանց հռչակագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Նաեւ իր դրական դերը կատարեցին բանակցություններն Անկարայի ու Երեւանի միջեւ»,-ընդգծել է Ֆասիեն:



Օբյեկտիվ գործոնների թվում, անշուշտ, որոշ ասպեկտներ փոխվեցին Վրաստանում տեղի ունեցած ճգնաժամից հետո: Միջնորդները նշեցին, որ Հայաստանը տուժել է Վրաստանի տարածքով արտահանման եւ ներմուծման տրանսպորտային խափանումների պատճառով, իսկ Ադրբեջանը դժվարությունների բախվեց Վրաստանի տարածքով այսպես կոչված էներգետիկ միջանցքի պատճառով: «Մոսկովյան հանդիպումը, որը երկար ժամանակ նախապատրաստվել էր երկու ուղղություններով` Ռուսաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան, այնուամենայնիվ, անցել է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շրջանակներում»,-ասել է ՌԴ-ից ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը:



Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նշել է, որ այս տարվա ընթացքում հակամարտության գոտում 25 մարդ է զոհվել:



ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան դեկտեմբերի 4-5 Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---