Դավթաշենի նախկին ղեկավարը 5 մլն գրավով ազատ է արձակվել

Դավթաշենի նախկին ղեկավարը 5 մլն գրավով ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ասել է Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը, հաղոդրում է Hetq.am:

Բաղդասարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Փաստաբանի խոսքով՝ նա մեղադրանքը չի ընդունում:

«Մեղադրանքը համարում ենք անհիմն: Ընդհանրապես կիրակի օրով հրավիրելը, մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդություն ներկայացնելը անհիմն գործողությունների հաջորդականություն ենք համարում: Իմ կարծիքով՝ սա քաղաքային իշխանության և թաղապետարանի կողմից ուղղորդվող գործընթացներ են»,- ասել է Հրանտ Անանյանը:

Ավելի վաղ Ռուսլան Բաղդասարյանին առնչվող գործի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,7 մլն դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Հրանտ Անանյանի խոսքով՝ տրամադրված ինֆորմացիան սխալ է. ոչ թե անձինք են գրանցվել, որոնք աշխատանք չեն կատարել, այլ աշխատակիցներ են եղել, որոնք վարչական շրջանի գործունեության մեջ մտնող գործողություններ են իրականացրել, սակայն, ոչ իրենց հաստիքով նախատեսված:

«Դա որևէ դեպքում չի կարող որակվել որպես հափշտակություն, որովհետև արարքը «հափշտակություն» որակելու համար երեք հատկանիշների միաժամանակյա առկայություն է անհրաժեշտ: Պետք է լինի ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումների միաժամանակյա առկայություն»,- ասել է Անանյանը՝ նշելով, որ շահադիտական դրդումներ չկան: Բաղդասարյանը որևէ նյութական օգուտը չի ստացել, այդ աշխատանքը չի եղել նաև անհատույց. անձինք վարձատրվել են ոչ թե ոչ մի բանի դիմաց, այլ որոշակի աշխատանք կատարելու համար»,- ասել է Հրանտ Անանյանը:

Փաստաբանի խոսքով՝ Ռուսլան Բաղդասարյանի կողմից գումար յուրացնելու վերաբերյալ քննչական մարմինը պատշաճ ապացուցողական նյութ չի ներկայացրել: Հրանտ Անանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Պաշտպանը նաև նշել է, որ մինչ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրելն իրենք պարզել են, որ «ՍԵԿՏ» համակարգում արգելանք է դրվել նրա սահման հատելու նկատմամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---