ԶԼՄ. Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրմանը մասնակիցները հայտնի են

ԶԼՄ. Օտարերկրացիների կողմից  երեխաների ապօրինի որդեգրմանը մասնակիցները հայտնի են

PanARMENIAN.Net - ՀՀ օրենսդրության խախտմամբ ավելի քան 30 երեխայի որդեգրմանը մասնակցած մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած և ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երևանի մանկան տուն» և «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: Ըստ հաղոդրագրության՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հերքել է, որ կենտրոնը կապ ունի երեխաների որդեգրման դեպքերի հետ:

«Ոչ մի մանկաբարձական կենտրոն դրանով չի զբաղվում, դրանով զբաղվում են մանկատները: Այդ բոլոր գործընթացները կատարվում են մանկատան եւ կառավարության որոշումներով»,-ասել է Աբրահմայանը:

Ծննդատան հանրային կապերի պատասխանատու Վարդուհի Սիմոնյանը չի հերքել, որ ԱԱԾ աշխատակիցները տևական ժամանակ եղել են ծննդատանը, աշխատանքներ են կատարել, ապա դրանք ամփոփել հաղորդագրությամբ, սակայն հավաստիացրել է, որ ստուգումներ են իրականացվել 30-ից ավելի բոլոր հանրապետական ծննդատներում և ոչինչ չի պատրաստվում ասել մինչև նախաքննությունը չավարտվի:

Շուրջ 22 տարի «Երեւանի Մանկան տուն» կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լիանա Կարապետյանը նույնպես պնդել է, որ իրենց մանկատունը որևէ առնչություն չունի երեխաների ապօրինի որդեգրման հետ:

Նոյեմբերի14-ին ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Նրանք 2016-2018 թթ. ընթացքում տարբեր պատճառներով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու, սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են նրան, որ ծնողը հրաժարվել է երեխայից եւ տվել որդեգրման համաձայնություն: Ընդ որում՝ ծննդատանը որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---