ԵԱՀԿ դիտորդները խոստովանել են, որ Վրաստանն առաջինն է սկսել պատերազմը Հարավային Օսեթիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի նախկին կապիտան Ռայան Գրիսթը եւ բրիտանական ՌՕՈՒ-ի էսկադրիլյաի նախկին հրամանատար Սթիվեն Յանգը պնդում են, որ մինչեւ Ռուսաստանն իր կողմից կրակ կբացեր, վրացական հրետանին 15-20 վայրկյան պարբերությամբ գնադկոծում էր Հարավային Օսեթիայի քաղաքացիական շրջանները: Ինչպես ակնկալվում է, պաշտոնաթող բրիտանացի զինվորականները, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում ռուս-վրացական ամառային առճակատման ժամանակ, վկայություններ կտան վրացական հակամարտության հետաքննության գծով հանձնաժողովին, որի ստեղծման մասին այսօր պետք է հայտարարի Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ԱԳ ղեկավարների հանդիպմանը, գրում է The Sunday Times-ը:



Պատերազմը սկսվելու պահին Ռայան Գրիսթը գլխավորում էր քաղաքացիական դիտորդների առաքելությունը, որոնք «մարտական գործողությունների պատճառով հայտնվեցին ծուղակում»: Իր դիտարկումներն ու իրադարձությունների գնահատականը նա հաղորդել է ԵՄ դիվանագետներին Թբիլիսիում, իսկ հակամարտության ավարտից հետո թողել է զբաղեցրած պաշտոնը: Հոկտեմբերին Սթիվեն Յանգը, զրուցելով ռազմական կցորդների հետ, հաստատել է Գրիսթի վարկածը:



«Ինձ համար պարզ էր, որ հարձակումը Վրաստանի կողմից բացարձակապես անկանոն էր եւ անհամաչափ որեւէ սադրանքի` եթե սադրանք է եղել: Ըստ իս, միանգամայն պարզ է, որ հարձակումը անկանոն հարձակում է եղել քաղաքի վրա»,-The Sunday Times-ը մեջբերում է Գրիսթի հարցազրույցը, տված The New York Times-ին:



«Եթե եղել է շրջանների ուժգին գնդակոծում, որոնք, ինչպես պնդում էր Վրաստանը, հայտնվեցին կրակի տակ, մեր մարդիկ պայթյուններ կլսեին, իսկ նրանք չէին լսել: Նրանք լսել են միայն առանձին կրակոցներ հրաձգային զենքից»,-Յանգի խոսքերն է հաղորդում բրիտանական պարբերականը:



The Sunday Times-ը նշում է, որ վերջերս Եվրամիությունում նկատվում է Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի որոշ մեղմացում, ինչը միաժամանակ զուգորդվում է օգոստոսյան ճգնաժամի վերաբերյալ վրաց-ամերիկյան դիրքորոշման թուլացմամբ: Նոյեմբերին պետք է վերսկսվեն հակամարտության կապակցությամբ սառեցված` Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության եւ համագործակցության նոր պայմանագրի մասին բանակցությունները, հիշեցնում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---