Ամերիկյան առեւտրային կազմակերպությունները հանդես են գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանում եւ Թուրքիայում գործող ամերիկյան առեւտրային կազմակերպությունները հանդես են գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման օգտին: Նրանց կարծիքով, սահմանի բացումը կնպաստի երկու երկրների տնտեսական աճին: «Մենք պատրաստ ենք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագահներ Սերժ Սարգսյանի ու Աբդուլլահ Գյուլի աննախադեպ քայլերին»,-ասվում է Հայաստանում ԱՄՆ Առեւտրի պալատի եւ Թուրքիայում Ամերիկյան գործարար համաժողովի (ABFT) նախագահների համատեղ հայտարարության մեջ:



«Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկեր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ դեռեւս 10 տարի առաջ»,-գտնում է ABFT-ի նախագահ Գալիպ Սուկայան: Նրա խոսքերով, Թուրքիան տարածաշրջանի ամենամեծ պետություններից մեկն է եւ շնորհիվ իր աշխարհաքաղաքական դիրքի կարող է կարեւոր դեր ստանձնել: «ԱՄՆ Առեւտրի պալատում ես հաճախ եմ հանդիպել Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Դավիթ Աթանեսյանի հետ, այն ժամանակ էլ մենք որոշեցինք միասին գործել: Եթե հաստատվեն հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, մենք կկարողանանք միասին աշխատել տարածաշրջանի երկրների կոնսորցիումում, որի անդամ կլինի նաեւ Ռուսաստանը»,-ասել է Սուկայան` հավելելով, որ հանդիպումների ժամանակ կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:



Թուրք գործարարն ընդգծել է նաեւ, որ Թուրքիայից ապրանք է ներկրվում Հայաստան Վրաստանի տարածքով, ինչը մեծ կորուստների պատճառ է հանդիսանում: «Բարիդրացիական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնպաստի արեւելյան Թուրքիայի զարգացմանը»,-ասել է Սուկայան:



Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկկողմ հարաբերություների կարգավորումը մեծ տնտեսական եւ քաղաքական ազդեցություն կունենանա տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ դրական կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական, քաղաքական, մշակութային ու սոցիալական ոլորտներում կապերի ընդլայնման վրա, գրում է Hurriet Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---