Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է

Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա: Այդ մասին հայտնել է համերգի կազմակերպիչ AVM production ընկերությունը:

«Ընկերության կողմից կատարվել են համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները: Սակայն ընկերությունը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք առաջացել են վաճառված տոմսերի համընդհանուր վերադարձի արդյունքում: Հանդիսատեսի նման վարվելակերպը ընկերությունը թեև չի ողջունում, սակայն փաստում է, որ այն ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Ինչպես բոլորիդ արդեն հայտնի է համատարած գովազդից, Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ հետ է վերադարձվել մեր կողմից կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը»,-ասվում է ընկերության տնօրինության հայտարարության մեջ :

Վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը:

Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: 2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---