Վարչապետ. Ուզում ենք ՀՀ-ում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշների միջավայր ստեղծել

Վարչապետ. Ուզում ենք ՀՀ-ում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշների միջավայր ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը՝ այդ ուղղությամբ քայլեր են արվում։ Այդ մասին պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձևավորվել են լավ հիմքեր։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020 թ. հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։

Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա և նշել, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել հունիսին Երևանում և նոյեմբերի 21-ին Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաև հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և առկա հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera oրաթերթին։

Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտը՝ ICE-ը, պետական գործակալություն է, որն իր արտերկրյա մասնաճյուղերի միջոցով աջակցում է աշխարհում իտալական ընկերությունների բիզնես գործունեության զարգացմանը և Իտալիայում արտաքին ներդրումների ներգրավմանը։ ICE-ը խորհրդատվական, տեղեկատվական, հաղորդակցական, մասնագիտական թրեյնինգային օժանդակություն է տրամադրում Իտալիայի փոքր և միջին ձեռնարկություններին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---