1 մլն-ի գործարք ուրիշի անձնագրով ու ոստիկանության անգործությունը

1 մլն-ի գործարք ուրիշի անձնագրով ու ոստիկանության անգործությունը

PanARMENIAN.Net - Անձնագիրը կորցնելուց հետո Խաչատուր Միքայելյանի անունով բանկային ապօրինի գործարքներ են արվել, մոտ 1 մլն դրամի վարկեր են վերցվել, իսկ ոստիկանությունում դեռ քրեական գործ չի հարուցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Խաչատուր Միքայելյանը:

Նոյեմբերի 14-ին Խաչատուր Միքայելյանը երևանյան տաքսիներից մեկում թողել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են ID քարտ, զինգրքույկ, 300,000 դրամ, քարտեր։ Ոստիկանությունում հայտարարություն տալուց մեկ օր անց Խաչատուրի ընկերը նրան հայտնել է, որ բանկերից մեկում իր անձնագրով գործարք են փորձել կատարել:

«Երեկոյան ինձ արդեն հայտնի էին նրա բոլոր տվյալները։ Ոստիկանները տաքսիի վարորդին կանչում են բացատրության, վերջինս 18․11․19թ․-ին /3 ՕՐ ԱՆՑ/ ներկայանում է և տեղեկացնում է որ որևէ կապ չունի։ Նույն օրը՝ երկուշաբթի, իմ նախաձեռնությամբ գնում եմ «ԱՔՌԱ» վարկային բյուրո, հարցում եմ անում և պարզում, որ 4 օրվա ընթացքում իմ անունից կատարվել է 16 վարկային հարցում, տեղեկանքը ներկայացնում եմ ոստիկանություն և գնում ցուցակում նշված բանկեր: Առաջին 3 բանկ մտնելով պարզում եմ, որ իմ անվամբ ձևակերպվել են մոտ 1 մլն դրամի ապառիկ վարկեր»,- գրել է Խաչատուր Միքայելյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 19-ին նոր հաղորդում է տվել ոստիկանության Կենտրոնի բաժնում՝ ներկայացնելով գործարքներ կատարող մարդու բոլոր տվյալները և խնդրելով քրգործ հարուցել ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնից Խաչատուր Միքայելյանին ասել են, որ նշված անձը պատրաստվում է բաժին ներկայանալ, սակայն նոյեմբերի 22-ին քննիչները չեն արձագանքել նրա զանգերին: Խաչատուր Միքայելյանի խոսքով՝ ապօրինի գործարքներ կատարողի մասին բոլոր տվյալները հայտնի են արդեն 7 օր, հիմնավոր բոլոր ապացույցները ինքն անձամբ է հավաքել և ներկայացրել ոստիկաններին, բայց նրան ասել են, որ առաջիկա օրերին գործը կմակագրվի քննիչներից մեկին:

Ֆեյսբուքյան գրառումից հետո Միքայելյանը կրկին հրավիրվել է ոստիկանության բաժին:

«Երեք ժամ ոստիկանության Մալաթիայի բաժնում անցկացնելուց հետո, պարզվեց, որ ըստ մեր ոստիկանության՝ առերևույթ հանցանք կատարած անձին մինչ այս պահը օրենսդրական հիմքեր չկան բերման ենթարկելու համար։ Նույնիսկ ավելին, նա հանգիստ կարող է հատել երկրի սահմանը՝ բանկերից և ինձանից գողացված միլիոնները իր հետ տանելով»,-գրել է Միքայելյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---