12 նոյեմբերի 2008 - 14:16 AMT
Հայաստանի ու Վրաստանի ՊՆ ղեկավարները Թբիլիսիում քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության խորացումը
Վրաստանը Հայաստանի պատմական բարեկամն է եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ կշարունակվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ գոհունակություն է հայտնել Վրաստան կատարած իր այցի առումով եւ նշել է, որ անհրաժեշտ է խորացնել հետագա հարաբերությունները հարեւան երկրների միջեւ:

Իր կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպումն անվանել է արդյունավետ: Ըստ Դավիդ Կեզերաշվիլու, կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցերը:

«Սա չափազանց կարեւոր այց է, քանի որ Հայաստանը մեր բարեկամ եւ հարեւան պետությունն է: Մենք քննարկեցինք համագործակցության հարցեր, այդ թվում ռազմական ոլորտում այն խորացնելու անհրաժեշտության մասին: Մեզ համար կարեւոր է իրազեկ լինել իրավիճակին: Ինչպես ձեզ հայտնի է, այժմ Հայաստանում կան ռուսական ռազմակայններ»,-հայտարարել է Կեզերաշվիլին:

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ, արտգործնախարար Եկատերինա Տկեշելաշվիլու եւ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեի հետ, հաղորդում է GHN-ն: