13 նոյեմբերի 2008 - 14:54 AMT
Կիպրոսը ցանկանում է կամուրջ լինել Հայաստանի ու Եվրոպայի միջեւ
«Կիպրոսը ցանկանում է աջակցել Հայաստանի երազանքների եւ ռազմավարական ծրագրերի առաջ մղմանը` կամրջի դերակատարություն ունենալով եվրոպական գործընկերների եւ իրեն բարեկամ երկրների միջեւ` ինչպիսին մեզ համար հատկապես Հայաստանն է: Երկու տարի առաջ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Գործողությունների ծրագիրը» մեզ տալիս է լրացուցիչ հնարավորություն այդ ուղղությամբ, որը կարող ենք օգտագործել ըստ արժանվույն եւ ուրախությամբ»,-ասել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթում: «Ցանկանում եմ արտահայտել իմ գոհունակությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր խորհրդարանների միջեւ համագործակցության համար, ինչպես օրինակ` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի անվտանգության եւ համագործագցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում եւ այլն: Հատկապես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում բազմաթիվ դեպքերում Կիպրոսի պատվիրակությունը ամբողջովին աջակցել է Հայաստանի դիրքորոշումներին, ինչպես նաեւ Հայաստանի պատվիրակությունը աջակցել է Կիպրոսի դիրքորոշումներին»:

«Մեր սերտ կապերը գտնվում են գերազանց մակարդակի վրա: Բայց եւ այնպես, առկա են մեծ հնարավորություններ նրանց ընդլայման եւ խորացման համար բոլոր բնագավառներում` չբացառելով նաեւ խորհրդարանականը: Այս է իմ այցի նպատակը: Մեր նախորդների` պարոն Բաղդասարյանի եւ պարոն Քրիստոֆիասի կողմից 2003 եւ 2004 թթ-ին համապատասխանաբար, ստորագրված Արձանագրությունից եւ մեր խորհրդարանների միջեւ Համագործագցության հուշագրից հետո մեզ մնում է մեծ աշխատանք, որի համար, ես միանգամայն համոզված եմ, առկա է փոխադարձ ցանկություն եւ կամք: Մնացածի հետ մեկտեղ մենք կհաղորդենք նոր շունչ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքերին: Կխորացնենք մեր շփումները բոլոր մակարդակների վրա:

Տնտեսական եւ առեւտրի բնագավառներում ցանկանում ենք ընդլայնել գոյություն ունեցող կապերը` տեղյակ լինելով, որ Հայաստանը ցուցադրում է զգալի եւ աճող զարգացման ընթացք: Իր կողմից Կիպրոսը կարող է առաջարկել 2004 թ-ից Եվրամիությանը եւ այս տարվա սկզբից եվրոյի գոտուն անդամակցելու եւ գեոստրատեգիական երեք մայրցամաքների միջեւ գտնվելու իր համեմատական առավելությունները»,-ասել է նա:



«Իմ այս այցը ինձ հնարավորություն է տալիս արտահայտել Կիպրոսի երախտագիտությունը Հայաստանին` մեր երկրի եւ ժողովրդի վերամիավորման արդարացի պայքարին խաղաղ երկխոսության միջոցով հասնելու արդար եւ ընդունելի լուծմանը ցուցաբերած կայուն եւ սկզբունքների վրա հիմնված աջակցության համար: Մի օգնություն, որը, իհարկե, չի մնում անպատասխան, բայց փոխհատուցվում է եռանդով: Կիպրոսը, ինքն էլ հիմնվելով սկզբունքային դիրքերի վրա, աջակցում է հայ ժողովրդին եւ նրա ճշմարտությանը` առանց տատանման: Բավական է հիշենք, որ 60-ականների կեսին առաջինը հիշարժան Սպիրոս Կիպրիանուն ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի ամբիոնից հնչեցրեց հայկական ցեղասպանության ճանաչման խնդիրը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը միջազգային ասպարեզում առաջին խորհրդարաններից էր, որ հայտարարեց Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր եւ 1975 թ-ին ընդունեց համապատասխան որոշում, որին հետեւեցին եւ մնացածը»:

Ինչպես նշել է Մարիոս Գարոյանը, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եղբայրական կապերը հիմնվում են ինչպես ընդհանուր պատմական փորձի եւ նույն հակառակորդի դեմ ընդհանուր պայքարի, այնպես էլ համահունչ սկզբունքների եւ արժեքների վրա, որոնք ուղղորդում են մեր կառավարությունների եւ խորհրդարանների քաղաքականությունը եւ նրանց ներդրումը միջազգային իրողության մեջ: «Մեր ժողովրդների միջեւ կարեւոր կապող օղակ են հանդիսանում նաեւ Կիպրոսի հայերը` Կիպրոսի հասարակութան ակտիվ մասը, ովքեր պահպանում են իրենց յուրահատուկ եւ հպարտ, ինչպես նաեւ հարգված ինքնությունը եւ միաժամանակ հանդիսանում են այդ հասարակության ամբողջական եւ անբաժանելի մասը` պահելով Հայաստանը մոտ մեր սրտերին: Պարոն Մահտեսյանը, ով ինձ ուղեկցում է այս այցի ընթացքում, ինչպես նրանց արժանավոր պաշտոնական ներկայացուցիչն է, այդպես էլ Հայաստանի արժանավոր որդին սփյուռքում»,-ասել է Կիպրոսի ՆՊ նախագահը:

«Կասկած չկա, որ կանոնավոր համագործակցության միջոցով միմյանց աջակցելը եւ փոխադարձ զորակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի մեր երկրների համար կենարար հետաքրքրության խնդիրներում` երկու կողմերից մեկին կամ մյուսին ուղղված բացասական գործընթացները կանխելու նպատակով»,-ասել է Մարիոս Գարոյանը: