Երևանում նոր ՔԿՀ կկառուցվի

Երևանում նոր ՔԿՀ կկառուցվի

PanARMENIAN.Net - Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակում Երևանում (Սիլիկյան թաղամասում) կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ, իսկ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները կփակվեն:Կառավարության նիստում հաստատվել է «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:

Նոր ՔԿՀ-ն մոտ 1200 լրակազմ կունենա, իսկ 200 մահճակալը նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ պահման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է նաև.

Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

Նախարարի խոսքով, ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը:

Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---