13 նոյեմբերի 2008 - 15:57 AMT
Եվրոպական կառույցները գոհ են Հայաստանի հետ համագործակցության մակարդակից
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամները, կառավարության անդամներ, շահագրգիռ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հաղորդում է նախագահի մամլո ասուլիսը: Հանրապետության նախագահը ներկայացրել է Բրյուսել կատարած այցի մանրամասները եւ առաջադրել է Եվրամիության հետ փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված որոշակի խնդիրներ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բրյուսելյան այցի ծրագիրը բավականին հագեցված էր. երեք օրվա ընթացքում կայացել են քսանից ավելի հանդիպումներ` Եվրամիության գրեթե ողջ նախագահության հետ, եւ մի քանի հարցազրույցներ` եվրոպական առաջատար լրատվամիջոցներին:

Բանակցություններից երկրի ղեկավարի առաջին տպավորությունն այն է, որ Եվրամիության կառույցները, նրանց ներկայացուցիչներն ակնհայտորեն գոհ են Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից եւ կատարված աշխատանքից, եւ երկրորդը` կա կամեցողություն` շարունակել ու խորացնել հարաբերություններն, ավելի համարձակ ծրագրեր իրականացնել:

Նախագահն ասել է, որ հանդիպումների ընթացքում, բնականաբար, խոսվել է նաեւ ընդհանուր քաղաքական հարցերի, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, սակայն քննարկումների հիմնական թեման եղել է Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագիրը, եւ այն կոնկրետ խնդիրները, որոնք Հայաստանն առաջարկում է եվրոպական կառույցներին լուծել` երկկողմ հարաբերությունները խորացնելու ճանապարհին:

Ընդգծելով Եվրոպային ավելի մերձենալու մեր երկրի ցանկությունը, Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմն որպես առաջին քայլեր, այս փուլում առաջարկում է, որպեսզի դյուրացվեն մեր քաղաքացիների շփումներն արտոնագրային ավելի մեղմ ռեժիմ սահմանելու միջոցով, որպեսզի ստեղծվեն առեւտուր անելու համար հավասար պայմաններ, այսինքն` մեր տնտեսությունը ճանաչվի որպես շուկայական տնտեսություն եւ ստորագրվի ազատ առեւտրի պայմանագիր: Ըստ Նախագահի, պայմանավորվածություն է ձեռք բերվել` արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ մեր երկրում դատաիրավական բարեփոխումների հետ կապված Եվրամիության արդարադատության, ազատության կոմիտեի հետ միասին ենթահանձնաժողով ստեղծելու մասին եւ մոտ ժամանակներս այն կձեւավորվի: ԵՄ Առեւտրի հանձնակատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` դեկտեմբերի ամսին փորձագետ-խորհրդատուների խումբ Հայաստան գործուղելու վերաբերյալ: Նրանք հայ պաշտոնյաների հետ կմշակեն գործողությունների հստակ ժամանակացույց: Փաստաթուղթ է ստորագրվել նաեւ Հայաստան` Եվրամիության խորհրդատուների խումբ ուղարկելու մասին, որը կօգնի գործողությունների ծրագրի իրականացմանը:

Շեշտելով, որ կա երկուստեք պատրաստակամություն` ավելի խորացնել հարաբերությունները, Նախագահն ասել է. «Մենք այս աշխատանքներին պետք է վերաբերենք ոչ թե որպես մի ծրագիր, որով պարտավորություններ ենք ստանձնել, այլ` որպես աշխատանք, որը հնարավորություն է տալիս շարունակել բարեփոխումները մեր երկրում, եւ, իրոք, բարեփոխումներ իրականացնելու մի գործիք է»: