Բախում և մեղադրանքներ՝ «Իմ քայլի» պատգամավորների և Արսեն Թորոսյանի միջև

Բախում և մեղադրանքներ՝ «Իմ քայլի» պատգամավորների և Արսեն Թորոսյանի միջև

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեղատոմսով թողարկվող և փաստացի պետության կողմից տրամադրվող դեղերի մասին հիշատակումները համարում է կոռուպցիոն ռիսկեր և գովազդ պարունակող: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամաբ, նա ասել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ զուգահեռաբար վիճելով նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Պատգամավորը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախարարության մշակած օրինագծին՝ համաձայն որի առողջապահության նախարարությանը, պետական որոշակի ծրագրերի շրջանակներում հնարավորություն պետք է ունենա բնակչության համար ձեռք բերված և դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ի միջոցով հանրային իրազեկում իրականացնել:

Արձագանքելով Պողոսյանի այն հայտարարությանը, թե դեղերի մասին հիշատակումները կոռուպցիոն ռիսկեր ունեն և դրա մեջ կարող են ներգրավված լինել նախարար, փոխնախարար՝ Թորոսյանը նշել է, որ սա ուղղակի մեղադրանք է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մեզ ուղղակիորեն մեղադրեց կոռուպցիան առաջ տանելու մեջ: Ոչ միայն անձամբ ինձ, այլ նաև իմ՝ նախկինում ձերբակալված տեղակալներին օրինակ բերելով: Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի, Ազգային ժողովում պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ էդ հոդվածը հանել օրենքից, որպեսզի դեղագործական շուկայում մյուս կարգավորման մասով փոփոխություններ չլինի, բայց սա լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու»,- ասել է Թորոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ եթե նախարարությունն ասում է քաղաքացիներին գնան և պոլիկլինիկայից ստանան որևէ դեղ, ապա հանրության մոտ վստահություն է առաջանում, քանի որ պետական մարմիններն են գովազդում այդ դեղը: Պատգամավորը նշել է, ռիսկային է նաև այն, որ դեղը պետական գնումներով է գնված:

«Ես չգիտեմ՝ ոնց է կատարվել այդ գնումը ինչ-որ մեկը եկել է, նախարարության աշխատակիցներից մեկի հետ համաձայնության է եկել, որ անընդհատ այդ դեղի մասին պետք է ասվի: Եթե պետական գնումները ռիսկ չպարունակեին, դրանց նկատմամաբ վերահսկողություն չէր լինի»,-ասել է Պողոսյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ արձագանքել է Թորոսյանի այն հայտարարությանը, որ իշխանության ներկայացուցիչ պատգամավորները պետք է կառավարության հենարանը լինեն ԱԺ-ում:

«Իշխող կուսակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, մենք դա մերժել ենք, այո՛, մերժել ենք կլասիկ քաղաքականությունը, պառլամենտը ժողովրդի, այլ ոչ իշխանության ներկայացուցիչն է: Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---