13 նոյեմբերի 2008 - 17:00 AMT
Հայաստան-ԵՄ Գործողությունների նոր ծրագիրը իրագործվելու է «Եվրոպական գործընկերության» շրջանակներում
Հայաստան-ԵՄ Գործողությունների նոր ծրագիրն, ամենայն հավանականությամբ, իրագործվելու է «Եվրոպական գործընկերության» շրջանակներում եւ ունենալու է երկու առանձնահատկություն, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի, կառավարության եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանի խոսքերով, առաջինը կայանում է նրանում, որ ավելի ակնհայտ ու ցայտուն կլինի տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը: Երկրորդը, հարեւանության մասնակիցների համար կնախատեսվեն փոխգործակցության տարբեր չափեր ու խորություններ` կախված նրանից, թե երկիրն ինչքանով է դրան պատրաստ: Երկրի ղեկավարը պահանջել է ամենայն աչալրջությամբ մոտենալ նոր ծրագրի ձեւավորմանը, եւ նախարարներին ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է անձնական հսկողություն սահմանել իրենց ոլորտներին առնչվող աշխատանքների նկատմամբ:

Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի ընթացքը, տարբեր ուղղություններով 2008 թվականին կատարված աշխատանքը` նշելով, որ դրանք 2007-ին սկսած գործողությունների շարունակությունն են: Նախարարն ասել է, որ 2008 թվականին կատարածի վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանը կներկայացնի դեկտեմբերին 9-ին` Բրյուսելում կայանալիք Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը եւ նշել, որ շահագրգիռ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա ձեւավորվել է գործողությունների նոր, բավականին հավակնոտ փաթեթ, որը քննարկումների եւ հետագա համագործակցության համար լավ հիմք կարող է ծառայել: