Գերբնակեցվածություն, ժամկետանց դեղեր և անորակ սնունդ՝ Սյունիքի նյարդահոգեբուժարանում

Գերբնակեցվածություն, ժամկետանց դեղեր և անորակ սնունդ՝ Սյունիքի նյարդահոգեբուժարանում

PanARMENIAN.Net - ՄԻՊ-ը բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, այդ թվում՝ ժամկետանց դեղեր և անորակ սնունդ: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.

• պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ և այլն,

• տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները,

• տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,

• անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը,

• արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, ինչպես նաև առանց պիտանելիության ժամկետի դեղեր,

• պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,

• բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,

• անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի խրախուսման մեխանիզմներ,

• առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,

• բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,

• առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,

• անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,

• առկա է հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով,

• պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար,

Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ և արդեն իսկ ձեռնարկված որոշակի քայլերը, օրինակ այլընտրանքային զինվորական ծառայողները այգիներ են մշակում դիսպանսերի տարածքում, որի բերքից օգտվում են նաև պացիենտները, պատշաճ իրականացվում է թափոնների խոտանման կարգը և այլն:

Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծման առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ առողջապահության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաև Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատաողների աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների բարելավման կարևորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---