13 նոյեմբերի 2008 - 18:15 AMT
Կիպրոսը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանը
«Կիպրոսը, հանդիսանալով Եվրամիության անդամ, պատրաստ է ակտիվացնել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը: Մենք ցանկանում ենք նպաստել եվրոպական հարեւանության Գործողությունների ծրագրի իրագործմանը, ինչպես նաեւ պատրաստ ենք ՀՀ եւ ԵՄ միջեւ համագործակցության խորացման համար հատուկ ծրագրեր առաջարկել եւ մշակել»,- հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մարիոս Գարոյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ հանրապետությունը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: ՀՀ խորհրդարանի խոսնակը նաեւ հաղորդել է, որ Մարիոս Գարոյանից առաջիկա տարում Կիպրոս այցելելու հրավեր է ստացել:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իմ` Սալոնիկ կատարելիք այցի շրջանակներում համաձայնագիր կստորագրվի հայ-կիպրոսյան համագործակցության վերաբերյալ, որի մեջ կընդգրկվեն համագործակցության նոր կետեր, մասնավորապես, տնտեսության, առեւտրի, մշակույթի ոլորտներում»,- հաղորդել է Հովիկ Աբրահամյանը:

Շոշափելով ՀՀ-ում Կիպրոսի եւ Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորությունը` Հայաստանի ԱԺ խոսնակը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը նշել են, որ տվյալ հարցի վերաբերյալ հնարավոր է միջխորհրդարանական խորհրդակցությունների անցկացում: Բացի այդ, Մարիոս Գարոյանը հաղորդել է, որ 2009թ. սպասվում է Կիպրոսի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, եւ հույս է հայտնել, որ նախքան կիպրոսյան առաջնորդի այցը հանրապետություն դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցում որոշակի առաջընթաց կարձանագրվի: