ԵԱՀԿ ՄԽ-ն Մոսկովյան հռչակագիրը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վստահ են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ կընձեռի:



Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ից միջնորդ Մեթյու Բրայզան նշել է, որ դեռեւս վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին: «Պետք է ավարտին հասցնել կարգավորման հիմնավոր սկզբունքների շուրջ տարվող աշխատանքները, իսկ հետո արդեն խոսել խաղաղապահների մասին: ԱՄՆ-ն դեմ է Ղարաբաղում հարեւան պետությունների եւ համանախագահ երկրների խաղաղապահների տեղակայմանը»,- ասել է Բրայզան: Նա նաեւ ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափը ղարաբաղյան կարգավորման հարցում արդյունավետ է եւ փոփոխման չի ենթարկվի: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները վարելու հետ հակամարտող երկու պետությունների նախագահներն էլ համաձայն են»,- ավելացրել է նա, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---