Լուսինե Բադալյան. Հնարավոր է՝ Արսեն Թորոսյանը չի նկատել օրինագծի կոռուպցիոն ռիսկը

Լուսինե Բադալյան. Հնարավոր է՝ Արսեն Թորոսյանը չի նկատել օրինագծի կոռուպցիոն ռիսկը

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությանը դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ի միջոցով հանրային իրազեկում իրականացնելու հնարավորություն տալը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այս մասին, Factor.am-ի փոխանցմամբ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ ինքը ոչ թե մեղադրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագիծ ներկայացնելու մեջ, այլ ասում, որ հնարավոր է Թորոսյանը չի նկատել այդ ռիսկը:

«Այն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ դեղերը, որոնք գնվում են պետպատվերով, նաև վաճառվում են դեղատներում, հատուկ պետության համար չեն ստեղծվում: Եվ, հետևաբար, երբ դու դրանց միայն քիմիական անունը չես ասում, այլ՝ ֆիրման, նշանակում է դու պետական մասշտաբներով գովազդում ես»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ հնարավոր է մի օր պարզվի, որ այդ դեղամիջոցները հետ են կանչվել կամ օգուտի փոխարեն բազմաթիվ վնասներ են տվել:

Անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների և Արսեն Թորոսյանի միջև հնարավոր հակասությանը՝ Բադալյանը նշել է, որ նման բան չկա:

«Ես սկսել եմ չհասկանալ մոտեցումները, թե մեզանից ինչ են պահանջում: Ժողովուրդն է մեզ պատվիրակել այստեղ, այո՛, իշխող խմբակցությունը պետք է լինի կառավարության քաղաքական հենարանը, բայց շարունակում եմ պնդել, որ թերությունների դեպքում չպետք է աչք փակենք, եթե անգամ նրանց հենարանն ենք»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը ոչ թե ժխտել է «քաղաքական հենարան», այլ հենց հենարան լինել:

Նոյեմբերի 28-ին առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Լուսինե Բադալյանը բանավիճել էին նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն արձագանքել էր Թորոսյանի այն հայտարարությանը, որ իշխանության ներկայացուցիչ պատգամավորները պետք է կառավարության հենարանը լինեն ԱԺ-ում: «Իշխող կուսակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, մենք դա մերժել ենք, այո՛, մերժել ենք կլասիկ քաղաքականությունը, պառլամենտը ժողովրդի, այլ ոչ իշխանության ներկայացուցիչն է: Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը